Կայացել է ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստը
18.07.17
Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) նիստը։
Նիստի ժամանակ օրակարգային հարցերից էր ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվության նախագիծը, որը ներկայացվել է ԲՇԽ-ի հաստատմանը և ընդունվել ԲՇԽ-ի ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):
Օրակարգային մեկ այլ հարց վերաբերում էր առաջիկա ամիսների աշխատանքների պլանավորմանը։
Նիստին բացի քննարկված հարցերից, հայտարարվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի գործընթացին աջակցող նոր նախաձեռնության՝ «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար» ծրագրի մեկնարկի մասին:
Հայաստանում ՄԹ դեսպան Ջ. Մ. Ֆարնուորթը, ողջունելով նիստի մասնակիցներին «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ-ն իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, նշել է, որ Բրիտանական դեսպանատան կողմից վերջին տարիներին ֆինանսավորվող ծրագրերից ամենանորն է:
Դեսպանը շնորհավորել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ և նշել, որ մեկնարկող ծրագրի նպատակն է՝ օժանդակել ԱՃԹՆ-ին ամբողջական անդամակցության համար անհրաժեշտ ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի հրապարակմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին (ՀԱՀ ՊՀԿ), որ հանդիսանում է ծրագրի իրականացնող գործընկերը:
ԲՇԽ նիստերի արձանագրությանը կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը։